Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը փոխանակման ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Լատվիայի փորձագետներին
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության CEPOL փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում hոկտեմբրի 9-ից 13-ը Լատվիայի Հանրապետության ոստիկանության կենսաբանական և ԴՆԹ փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներ Վիկտորիա Յեմելիյանովան և Ինգա Մետլիչկան փորձի փոխանակման նպատակով հյուրընկալվել էին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում։
Այցի շրջանակներում լատվիացի փորձագետները ծանոթացել են Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի գործունեությանը, իրականացվող փորձաքննությունների տեսակներին, հետազոտությունների ընթացակարգերին, ԴՆԹ լաբորատորիայի հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:
Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները Լատվիայի գործընկերների հետ ակտիվ քննարկումներ են ծավալել դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի մի շարք արդիական խնդիրների, որակի կառավարման համակարգերի, լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների մեթոդների կիրառման առանձնահատկությունների, ստացվող արդյունքների վերլուծության, գիտագործնական խնդիրների լուծման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Մասնագիտական քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում համատեղ իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներն էին փորձի փոխանակման նպատակով գտնվում Լատվիայի գործընկեր կառույցում:
Երկկողմ այցերի և փորձի փոխանակման արդյունքում գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝ ի նպաստ փորձագիտական ներուժի զարգացմանը, գիտամեթոդական բազայի կատարելագործմանը:
28 Դեկտեմբեր 2016